ՕՐԱԽՆԴԻՐ
Վրաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Շոթա ՈՒտիաշվիլու պնդմամբ` անցած շաբաթ օրը Գորի քաղաքի մերձակայքում գտնվող կամուրջը ռուսական զորքերի «ջանքերով է պայթեցվել` Վրաստանի երկաթուղային ցանցը կաթվածահար անելու նպատակով», իսկ արդեն Վրաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության համաձայն` «պայթյունի հետևանքով խզվել է երկաթուղային կապը Վրաստանի արևելյան և արևմտյան հատվածների, ինչպես նաև Վրաստանի ծովային նավահանգիստների հետ»…
Ի դեպ, չնայած վերոհիշյալ մեղադրանքները ռուսները հերքել են, բայց սա հայերիս բնավ չի մխիթարում: Անկախ նրանից, թե ով է այս «քաջագործության հեղինակը», հերթական անգամ խզվել է կապը Գորի-Փոթի հատվածում, կրկին խնդիրներ են ստեղծվել մեր բեռնափոխադրումների համար, և մեր երկաթուղին էլ, ըստ էության, պարապուրդի է մատնվել:
Բանն այնտեղ է հասել, որ երեկ Ալավերդի քաղաքում և հարակից մի շարք գյուղերում (Աքորի, Օձուն, Շնող) արդեն իսկ անհնար էր գոնե կես կիլոգրամ ալյուր գտնել, ինչը նշանակում է, որ չնայած մեր կառավարության հավաստիացումներին, թե երկրում պարենային ճգնաժամ չկա, իրականում դրա «մեկնարկը տրված է»: Իսկ ի՞նչ են ասում վաճառողները, ե՞րբ կլինի, որտեղի՞ց են առհասարակ այդ ապրանքատեսակը հայթայթում` երեկ առավոտյան հարցրի մի ալավերդցու, և շատ չանցած ահա թե ինչ պարզ դարձավ: «Ես հանուն ձեր թերթի վեր կացա, նորից գնացի Հայպեչի սա՜ղ խանութները պտտվեցի, հարցերդ տվի, ասին` չնայած մեր ժողովրդի մոտ 80 տոկոսը տանն է հաց թխում, որ յոլա գնա, բայց էլի դրանք էն ծավալները չեն, որ մենք դրա խաթեր Թիֆլիզ հասնենք: Գնում ենք, ամիսը մեկ Վանաձորից ալյուր բերում, էն էլ հիմա չկար, չտվին, ասին՝ ալրաղացը չի աշխատում, ցորեն չկա»:
Փաստորեն, իրավիճակն իսկապես լուրջ է: Կամրջի պայթեցումից առաջ ընդամենը ցորենով բեռնված չորս վագոն է կանգնած եղել Սադախլո կայարանում, որը 2-3 օրվա պաշար է, և հեղուկ վառելիքով լցված մի քանի բեռնատար: Հայտնի անեկդոտի նման՝ էս էլ ու՝ պըլծ: Սաղ հեչ, տեսնես նախկին արտգործնախարար Օսկանյանը հիմա էլ է համոզվա՞ծ, որ անգամ շրջափակման պայմաններում մեզ պես կովկասյան վագրը դեռ մի 100 տարի էլ հանգիստ կֆռֆռա։
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ